Փետրվարից առաջ
31.01.2020 | 10:41
Ավանդաբար փետրվարը եղել է մեր նոր ժամանակներում կարևորագույն իրադարձությունների շրջան՝ սկսած Արցախյան շարժումից մինչև ՀՀ հիմնադիր նախագահի հրաժարական, ու՝ նաև հետո: Ի՞նչ ունենք 2020-ի փետրվարից առաջ:
Խառնափնթոր իրավիճակ, երբ բոլորը մեղադրում են բոլորին, իսկ ժողովուրդը նորից օտարվել է՝ հարկադրված ներքաշվել օրվա հացի իր խնդիրների մեջ: Ո՞րն է պատճառը: Սկսենք իշխանությունից.
1. Նիկոլ Փաշինյանը տանուլ է տալիս քարոզչական պատերազմը: Նրա առաջին ու դեռ չգիտակցված սխալը Երևանի ավագանու ընտրություններից առաջ հասարակությունը սևի ու սպիտակի բաժանումն էր: Երկրորդ սխալը՝ տեղեկատվությունն ու քարոզչությունը իրարից չտարբերելը: Երրորդ սխալը սեփական իմիջին ու ֆեյսբուքյան ուղիղ եթերներին ապավինելը՝ ի սկզբանե օտարելով լրատվամիջոցներին: Նա չզգաց ու մինչև այսօր էլ չի զգում գլխավոր խմբագիր, ընդդիմադիր պատգամավոր ու ՀՀ վարչապետ կարգավիճակների տարբերությունները: Բացարձակապես չի տիրապետում խոսքի ոճային առանձնահատկություններին՝ հավասար սրամտությամբ կամ տափակամտությամբ կարող է խոսել լայվում, կառավարության նիստում, ասուլիսում, Հայաստանում ու Հայաստանից դուրս, ու՝ ամեն ինչի մասին՝ ՀՀ անկախությունից մինչև զուգարանների մաքրություն:
2. Նիկոլ Փաշինյանը չի կարևորում կամ չի կարողանում ռեսուրսները օգտագործել համակարգային փոփոխությունների համար: ՀՀ արտաքին քաղաքականությունը պիտի ընդլայներ ուղղությունները, մինչդեռ համակենտրոնացավ եվրասիական տարածքում: Տնտեսության կառուցվածքային փոփոխությունների փոխարեն կարևորվեց կոռուպցիայի դեմ պայքարը ու վերածվեց անկապ «բռնեմ-բաց թողնեմի», կամ՝ դատավարությունների շղթայի, որոնք ներկայացվում են իբրև ժողովրդի պահանջ: Ժողովուրդը դա չի պահանջում, ժողովուրդը պահանջում է արժանավայել ապրելու և աշխատելու հնարավորություն: Եթե կան ինչ-որ խմբեր, որ պահանջում են հարուստների ունեզրկում ու նրանց ունեցվածքի բաժանում իրենց, արժի սովորել ռուսական 1917-ի հեղափոխության պատմությունից՝ էքսպրոպրիացիայից մինչև ՆԷՊ: Իշխանության խնդիրը ոչ թե պոպուլիզմն է՝ ամբոխահաճությունը, այլ ամբոխին ժողովուրդ դարձնելը, իմա՝ տուրք տալ ոչ թե բացասական լիցքերին, այլ ուղղորդել դրական լիցքերը պետության զարգացմանը:
3. Նիկոլ Փաշինյանը տանուլ է տալիս կադրերի հարցում: Նա չունի թիմ, որոշակի դեպքերում թիմն աշխատում է իր դեմ: ՈՒ դա միայն ԱԱԾ նախկին տնօրենի պատմությունը չէ, ՔՊ-ն է, կառավարությունն է, նախարարների կայացրած որոշումներն են, որոնց հետևանքները հետհարվածով Նիկոլ Փաշինյանին են ուղղվում: Իսկ ընդհանրապես՝ ունե՞ր կամ ունի՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլ վարքագծի հնարավորություն: Այո, բայց դա արդեն կլինի ուրիշ Նիկոլ Փաշինյան՝ ինքն իրենից խելոք, ինքն իրենից փորձված, ինքն իրենից համարձակ: Եվ որ ավելի կարևոր է՝ իրականությունից չկտրված:
4. Մենք կենտրոնանում ենք ՔՊ-ի վրա, իսկ մյուս կուսակցություննե՞րը: Նկատե՞լ եք՝ ե՞րբ է խորհրդարանում կտրուկ ակտիվանում ԼՀԿ-ն, ի՞նչ հարցեր է բարձրացնում ու ի՞նչ հայտարարություններ է անում ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Ինչպե՞ս է կուսակցությունն աղքատանում, երբ հարց է ծագում ֆինանսավորման մասին: Օրինակ՝ ԼՀԿ-ի 5-ամյակին: Կուսակցությունը փող չունի, բայց չունի և փողի պակաս: Որտեղի՞ց: Իսկ ԲՀԿ-ի ակտիվացումների՝ Գևորգ Պետրոսյանի դեմարշների իմաստը ո՞րն է, երբ հետո Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում ասում է, որ սադրանք էր: Փորձառու ԲՀԿ-ն չի՞ սպասում, որ բոլորը միմյանց քաղաքական ռեսուրսները կմաշեն, կվարկաբեկեն ու կվարկաբեկվեն ու վարչապետի պաշտոնը կապույտ եզրաշերտերով ափսեի վրա կմատուցվի Գագիկ Ծառուկյանին, որ ամենից շատ է տուժել 2015-ի Սահմանադրության փոփոփությունների նախաձեռնությունից: Կամ՝ ընդհանրապես ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չե՞ն ուզում բացատրել՝ ինչու՞ վերջին պահին նետվեցին հեղափոխության գնացքի վերջին վագոնը՝ ի՞նչ ակնկալիքներով: Ո՞ր պահից հասկացան, որ ակնկալիքները ապարդյուն են: Ի՞նչ փոխվեց իրենց ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում:
5. Ինչու՞ խորհրդարանում չի ձևավորվում ոչ թե իրավիճակային, այլ իրական ընդդիմություն: ՔՊ-ի՞ մեծամասնության պատճառով, թե՞ սեփական քաղաքականություն ու ծրագիր չունենալու՝ ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի պատճառով, որ գերազանցապես առանձին օրինագծեր են դարձնում քննարկման առարկա կամ անում հայտարարություններ՝ հրաշալի իմանալով հետագա ընթացքը: Այսինքն՝ այսօր խորհրդարանը մեծամասնության ու փոքրմասնության համատեղ ջանքերով վերածվել է պետական կառավարման անարդյունավետ ատյանի, որ ունի մեկ գործառույթ՝ մեծամասնության ձայներով վավերացնել կառավարության առաջարկած օրինագծերը և կառավարությանը հնարավորություն տալ կյանքի կոչելու որոշումներ, որոնք կյանքում ուղղվում են պետության դեմ: Սկսած կառավարության կառուցվածքի հաստատումից մինչև բանկային գաղտնիքի հրապարակում: Փաստացի՝ խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանը վերածվել է կառավարության կցորդի:
6. Արդեն ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Կազմից դատելով՝ կարելի է եզրակացնել՝ ինչ փոփոխություններ են արվելու: Համենայն դեպս, կառավարման մոդելը կամ մնալու է խորհրդարանական հանրապետությունը, կամ՝ Հայաստանը դառնալու է ամբողջությամբ նախագահական կառավարում ունեցող երկիր: Մանրամասների մեջ վաղ է խորանալ, բայց ի սկզբանե արվում է գաղափարական սխալ՝ փոփոխությունների նպատակի որոշարկումը հիմնվում է ոչ թե ապագայի զարգացման հնարավորությունների ստեղծման, այլ այսօր գոյություն ունեցող խնդիրների լուծման վրա: Այսինքն՝ հերթական անգամ Հիմնական օրենքը հարմարեցվելու է իշխանությանը: Բնականաբար լուծվելու են նաև Սահմանադրական դատարանի խնդիրները: Ի հետևանս՝ ունենալու ենք մի հանրաքվե, որտեղ ժողովուրդը կամ չի մասնակցելու, կամ մասնակցելու է շատ պասիվ, կամ մերժելու է: ՈՒ հերթական Սահմանադրությանը անմիջապես փակցվելու է ոչլեգիտիմության կասկած-խարանը:
7. Սահմանադրության փոփոխություններին զուգահեռ պետք է փոխվի նաև «Ընտրական օրենսգիրքը»: Նախորդ խորհրդարանը մերժեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները, որով անցում էր կատարվում 100 տոկոս համամասնական ընտրակարգի, իջեցվում էր ընտրական շեմը: Ի՞նչ փոփոխություններ պետք է առաջարկվեն հիմա, որ համարժեք լինեն իրականությանը: 2018-ի դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրությունները հաստատեցին, որ ընտրողը Հայաստանում պատրաստ չէ ընտրություն կատարել: Պատճառները տարբեր են ու շատ են: Գլխավորը քաղաքական կուսակցությունների կայացածության-չկայացածության հարթության մեջ է: Հայաստանում կուսակցությունները եղել ու մնում են մարդ-կուսակցություններ, այսինքն՝ համախոհների խումբ, որ հավաքվում է ԱՆՀԱՏԻ, ոչ թե ԳԱՂԱՓԱՐԻ շուրջ: Հետևանքը լինում է, որ ընտրություններում քվեները տրվում են այս կամ այն անհատին, ոչ թե ծրագրին ու գաղափարին: Կուսակցությունների ծրագրերն էլ շատ հաճախ լավագույն ցանկություններ-մտադրություններ են՝ հոդաբաշխ կամ անհոդաբաշխ շարադրված՝ առանց առաջադրված թեզերի իրականացման մեխանիզմների: ՈՒ՝ ընտրողը չի կարդում, կարդալիս չի վերլուծում՝ ո՞վ կարող է այդ ծրագիրը իրականացնել, ու՞մ արժի ձայն տալ: Որովհետև բացի ամեն ինչից քաղաքացիական ինքնագիտակցությունն էլ այն մակարդակին չէ, որ յուրաքանչյուր ընտրող ունենա իր կայուն ու հիմնավոր պատկերացումը, թե ինչ իշխանություն է ուզում: Չի բացառվում, որ հերթական ընտրություններում ընտրողները նորից քվեարկության գնան կիսով չափ կամ նույն սկզբունքով՝ ձայն տալու այս ու այն անհատին: Քաղաքական կուսակցությունների խնդիրն է մինչև ընտրությունները նախապատրաստել ընտրողին ճիշտ ընտրությանը, որովհետև ճիշտ ընտրությունից է կախված իրենց ԱԺ մտնել-չմտնելը: Ճիշտ ընտրությունից է կախված, որ որևէ քաղաքական ուժ ԱԺ-ում չունենա բացարձակ մեծամասնություն ու չկարողանա միակուսակցական կառավարություն կազմել: Կառավարությունը պետք է լինի կոալիցիոն և այնպիսի համամասնություններով, որ ընդունված որոշումները հավասարակշիռ ու տրամաբանական լինեն՝ ուղղված պետականության զարգացմանը, ոչ թե իշխանությանը խիստ անհրաժեշտ այս ու այն խնդրի լուծմանը, երբ խորհրդարանի մյուս ուժերը չունեն հակազդելու հնարավորություն: Չգիտես ինչու՝ տարածված է մտայնությունը, որ իշխանության գերլեգիտիմությունը վկայում է նրա ուժեղությունը, իրականում դա ծուղակ է իշխանության համար, որ նախ դարձնում է ամեն ինչի պատասխանատու, երկրորդ՝ մեծացնում է սխալվելու հավանականությունը, երրորդ՝ ստեղծում է իշխանական կուսակցության կամ տրոհման, կամ լճացման մթնոլորտ: Ի հետևանս՝ ցնցումների մեջ է հայտնվում պետականությունը, երկար ժամանակով կազմալուծվում՝ կազմաքանդվում ու վերահավաքվում է կառավարման համակարգը՝ ածանցյալ բացասական ազդեցությամբ ոլորտային կառավարման վրա, ստեղծվում են նախադրյալներ արտահերթ ընտրությունների, որ ինչ նպատակով էլ ու երբ էլ լինեն, շոկ են պետության ու ժողովրդի համար: Հավելեք նաև ֆինանսական ծախսերը:
Իսկ ընդհանրապես՝ այսօր կատարվում է հակատրամաբանական 2 սխալ. նախկին իշխանությունը, ինչպես նախկինում, հիմա էլ անտեսում է ժողովրդի գործոնը՝ մեկ, և երկու՝ չգիտես ինչու համոզված է, որ ներկա իշխանությունը իրավունք չունի նույն գործելաոճը դրսևորել, ինչ արել են իրենք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. …Մենք՝ խրված իրադարձությունների մեջ, չենք կարողանում գնահատել ի՞նչ է կատարվում իրականում: Մենք տեսնում ենք իրադարձությունների արտաքին շերտը, տրվում մեզ հրամցվող քարոզչությանը, չենք խորանում պատճառների մեջ ու չենք պատկերացնում հետևանքները: Խաղատախտակին այլևս իշխանության հարցը չէ, պետականության հարցն է: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հարցն է: Մանր-մունր սկանդալներին տրվելով՝ մենք չենք ուզում հասկանալ, թե ի՞նչ իմաստ ունեն այդ սկանդալները, ի՞նչ են ուզում հաստատել ու ինչ են սքողում: Պատմական միջազգային փորձը ցույց է տալիս, որ ցանկացած թավշե հեղափոխության հաջորդում է կամ քաղաքացիական պատերազմ, կամ տուրբուլենտության անցումային երկարատև շրջան: Քաղաքացիական պատերազմից Հայաստանի երրորդ հանրապետությունը խուսանավել է իր գոյության տասնամյակներում: Տուրբուլենտությունից՝ ոչ: Կեղծ օրակարգերին լիովին տրվելով՝ մենք մոռանում ենք, որ իրական քաղաքական անկախության հիմնաքարը տնտեսական անկախությունն է: Աշխարհում տասնյակ երկրներ կան, որ չունենալով բնական հարուստ պաշարներ, մասնավորապես էներգակիրներ, աշխարհագրական բարենպաստ դիրք, ունենալով փոքր տարածք՝ կարողացել են ապահովել համեմատական անկախություն: Բացարձակ անկախություն ընդհանրապես անհնար է, առավել ևս՝ գլոբալացվող աշխարհում: Պարզապես պետք է ունենալ պետական շահի գիտակցություն ու պետական շահի ձևակերպումը դնել արտաքին ու ներքին քաղաքականության որոշումների հիմքում: Չի կարելի նույնացնել պետությունն ու իշխանությունը: Դա սկզբունքային սխալ է, որ անում են շատ երկրներում ու կանգնում կոտրած տաշտակի առաջ: Ամենից առաջ կորցնելով զարգացման հնարավորություններն ու ԺԱՄԱՆԱԿԸ: Այսօր ու այստեղ է իրական ընտրությունը՝ ի՞նչ ենք ուզում` վերադառնալ երեկվա՞ն, թե՞ վաղը ծրագրել մեր երկրում: Սա խորքային հարց է: Ցունամին ոչ թե մոտենում է, մենք ցունամիի էպիկենտրոնում ենք, ու՝ չենք գիտակցում: Փետրվարը փնտրում է ելքեր: Ելքեր կան, բայց դա, գուցե, ՈՒՐԻՇԻ պատմությունն է: Իսկ պետությունը, առավել ևս ժողովուրդը, Հայրենիքը երբեք ՈՒՐԻՇԻՆԸ չեն լինում:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ